ՀՀ ք․ Երևան, Խանջյան 19ա
+374 77 00 31 50
info@armenakan.am

ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Պաշտոնական կայք

8.1 Կուսակցության համագումարը Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինն է, որն ունի Կուսակցության գործունեությանն առնչվող ցանկացած հարցի վերջնական լուծման վերաբերյալ որոշում ընդունելու իրավունք, և որի ընդունած որոշումները պարտադիր են Կուսակցության բոլոր մարմինների, կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների, ներկայացուցչությունների և անդամների համար:

8.2 Կուսակցության հերթական համագումարները հրավիրվում են երեք տարին մեկ անգամ: Կուսակցության Կեդրոնի որոշմամբ կարող է հրավիրվել Կուսակցության արտահերթ համագումար: Հերթական համագումարի հրավիրումից առնվազն մեկ ամիս առաջ Կուսակցության Կեդրոնն հրավիրում է հատուկ նիստ, որտեղ քննարկվում է համագումարի օրակարգի նախագիծը:

8.3 Կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թիվը, Կուսակցության սկզբնական կազմակերպության պատվիրակների թվի և այդ կազմակերպության անդամների ընդհանուր թվի համամասնությունը, ինչպես նաև ի պաշտոնե համագումարի պատվիրակ հանդիսացող Կուսակցության անդամների ցանկը որոշում է Կուսակցության Կեդրոնը: Կուսակցության սկզբնական կազմակերպությունների պատվիրակներն առաջադրվում և ընտրվում են սկզբնական կազմակերպությունների ժողովներում՝ հերթական համագումարի հրավիրման օրից առնվազն քառասուն, իսկ արտահերթ համագումարի հրավիրման օրից` առնվազն տասն օր առաջ:

8.4 Կուսակցության համագումարը`

1) լսում  և  հաստատում  է  համագումարների  միջև  ընկած      ժամանակահատվածում Կուսակցության գործունեության վերաբերյալ Կուսակցության Կեդրոնի հաշվետվությունը,

2) քննարկում և ընդունում է Կուսակցության ծրագիրը և հաստատում կանոնադրությունը, դրանց մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերը,

3) ընտրում է Կուսակցության նախագահության և Կուսակցության Կեդրոնի  անդամներին, որոնց թիվը որոշում է Համագումարը,

4) ընտրում է Կուսակցության վերահսկողություն իրականացնող մարմին՝ Ընդհանուր քննիչ,

5) լսում և հաստատում է Կուսակցության Ընդհանուր քննիչի

հաշվետվությունը,

6) որոշում է Կուսակցության ռազմավարական, գաղափարական-քաղաքական

ուղին, Կուսակցության խնդիրների իրականացման գործելակերպը,

7)   որոշում է ընդունում Կուսակցության վերակազմակերպման կամ կուսակցության լուծարման մասին,

8)   քննարկում և վերջնական որոշում է կայացնում Կուսակցության գործունեության հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ:

8.5 Կուսակցության համագումարն իրավազոր է, եթե ներկա են (գրանցված են) համագումարի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն 2/3-ը:

8.6 Համագումարի որոշումները, բացառությամբ օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի, ընդունվում են բաց կամ գաղտնի քվեարկությամբ, համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների ձայների մեծամասնությամբ:

Գաղտնի քվեարկությունն անցկացվում է համագումարին ներկա (գրանցված) պատվիրակների առնվազն 1/3-ի առաջարկությամբ:

8.7 Կուսակցության կանոնադրության և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Կուսակցության վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև օրենքով կամ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում որոշումներն ընդունվում են Կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

8.8 Կուսակցության համագումարը, Կուսակցության համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ Կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկման նպատակով, ընտրում է Կուսակցության Ընդհանուր քննիչ, որի օգնակաների թիվը հաստատում է համագումարը: Ընդհանուր քննիչը չի կարող միաժամանակ լինել Կուսակցության ղեկավար մարմինների անդամ, Կուսակցության տարածքային ստորաբաժանման ղեկավար կամ քարտուղար:

8.9 Կուսակցության Ընդհանուր քննիչը գործում է Կուսակցության համագումարի կողմից իրեն վերապահված լիազորությունների շրջանակում և հաշվետու է միայն համագումարին:

8.10 Կուսակցության համագումարը, գրանցված պատվիրակների ձայների մեծամասնությամբ, երեք տարի ժամկետով ընտրում է Կուսակցության նախագահության անդամներին: Թեկնածուներն առաջադրվում են ինքնաառաջադրմամբ, ինչպես նաև դեռևս գործող անդամների առաջարկությամբ: Ընտրված են համարվում առավել կողմ ձայներ ստացած թեկնածուները: Համագումարի կողմից ընտրված Նախագահության անդամներից էլ ընտրվում է Նախագահության ներկայացուցիչ: Համագումարի որոշմամբ Կուսակցության նախագահության անդամի կամ անդամների վաղաժամկետ ընտրություն կարող է կատարվել համագումարի պատվիրակների ընդհանուր թվի 2/3-ի կողմ ձայներով ընդունված որոշմամբ:

  • Նախագահության որևէ անդամի կողմից իր պարտականությունների կատարումից հրաժարվելու կամ այլ ֆորսմաժորի դեպքում նոր թեկնածուին առաջադրում է նախագահությունը:
  • Նախագահությունը որոշումներն ընդունում է միաձայնության և համախոհության սկզբունքով: Յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: