ՀՀ ք․ Երևան, Խանջյան 19ա
+374 77 00 31 50
info@armenakan.am

«Թուրանական ծրագիրն այս պահին վայելում է նաև Արևմուտքի համակրանքը՝ հանուն աշխարհի նոր վերաբաժանման»․ քաղաքագետ Արա Պողոսյան

Պաշտոնական կայք

«Թուրանական ծրագիրն այս պահին վայելում է նաև Արևմուտքի համակրանքը՝ հանուն աշխարհի նոր վերաբաժանման»․ քաղաքագետ Արա Պողոսյան

Թուրքիան արագացնում է տեմպերը համաթուրանական ապագա բանակի ստեղծման։ Այսօր ավարտվել են Թուրքիայի, Ուզբեկստանի և Պակիստանի հատուկ ստորաբաժանումների զորավարժությունները։ Գրեթե բոլոր զորավարժությունները, որոնք անցկացվում են Թուրքիայի մասնակցությամբ, ունեն հատուկ շեշտադրում, սքողված են համաթուրքականության գաղափարներով…

Թուրքիայի իշխող էլիտան արդեն համարում է «հայկական սեպը» հաղթահարված։ Հիմա Թուրքիան սկսել է ապագա Թուրանի ինստիտուցիոնալ ձևավորման փուլը…

Ցավոք սրտի, թյուրքական աշխարհի միավորումը «Թուրանական» ծրագրի մեջ այս պահին վայելում է նաև Արևմուտքի` հատկապես Մեծ Բրիտանիայի բարեհաճությունը, և իհարկե` ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի։ ԱՄՆ-ն և իր կցորդ ՆԱՏՕ-ն ունեն հստակ ձևակերպված խնդիր` մասնատել, քանդել Ռուսաստանը որպես գերտերություն։ Ռուսաստանը որպես միջուկային գերտերություն, միշտ պատրաստ է ատամ ցույց տալ, ինչը կարող է հանգեցնել միջուկային պատերազմի իր ոչնչացնող հետևանքներով, ուստի ԱՄՆ-ի և դաշնակիցների համար առավել նախընտրելի է մասնատման և աստիճանաբար հոշոտման սցենարը, որտեղ Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, իսկ այս բոլորը միասին` «Մեծ Թուրանը» պետք է խաղան կենտրոնական դեր։ Այդ դերը թուրքական աշխարհի զորաշարժ է, որն ընդգրկելու է Ռուսաստանը, Իրանը, Չինաստանը։ Թյուրքական աշխարհը իր ներկայությունն ունի այս երեք երկրներում, որոնք միասին կարող են հավակնել աշխարհի նոր բևեռ դառնալուն, վերջ դնելով տեղի ունեցող կերպափոխումներին (տրանսֆորմացիա) և ընդհանուր առմամբ` միաբևեռ աշխարհին։

Շատերն էին ասում, թե Հայաստանը փոքր երկիր է, թե Հայաստանը իրենից ոչինչ չի ներկայացնում, սակայն պարզվում է, Հայաստանի դեմ ողջ գլոբալ աշխարհը որոգայթ էր լարել, հանուն աշխարհի նոր վերաբաժանման։

Զարմանալի է, բայց ևս մեկ անգամ վերահաստատվում է այն փաստը, որ Հայաստանն արարչական երկիր է, և այստեղ են ակամայից աշխարհի ապագայի որոշման բանալիները (իրավամբ` մեր կամքից, մեր գիտելիքներից անկախ է այդպես ստացվել):

Հիմա, երբ Թուրքիայի բարձրագույն հովանավորները տվել են հնարավոր բոլոր «օրհնությունները», Թուրքիան սկսել է իր վաղեմի երազանքը իրագործել, որը բնականաբար լինելու է ի թիվս այլոց, նաև Հայկական երազանքների հաշվին։

Այսօր՝ առավել քան երբևէ, մեզ հարկավոր է ուժերի գերլարում, դեպքերի օբյեկտիվ վերլուծություն և համարժեք քայլերի նախաձեռնում։ Թերևս ավելորդ չի լինի նշել, որ ցանկացած ճգնաժամ իր մեջ պարունակում է նաև հնարավորություններ։

ԵՒ հիշենք ԱՄԷ էմիրներից մեկին վերագրվող խոսքը` «Հեշտ ժամանակները ծնում են թուլամորթների, իսկ դժվար ժամանակները ծնունդ են տալիս ուժեղներին»:

Արմենական կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ, քաղաքագետ Արա Պողոսայն
18․12․2021թ․