ՀՀ ք․ Երևան, Խանջյան 19ա АРЭМ
+374 77 00 31 50
info@armenakan.am

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ․ Կանգնած ենք ՀՀ ազգային շահերի պաշտպանության և Հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման դիրքերում

Պաշտոնական կայք

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ․ Կանգնած ենք ՀՀ ազգային շահերի պաշտպանության և Հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման դիրքերում

2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետության դեմ սկսած պատերազմը Հայաստանի Հանրապետությանն և Արցախի Հանրապետությանը կանգնեցրեց նոր անվտանգային մարտահրավերների առաջ։ Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունն ըստ էության հայկական երկու պետություններին կանգնեցրեց նոր անվտանգային միջավայր ձևավորելու խնդրի առաջ։


Սակայն՝ պատերազմից արդեն 6 ամիս անց ոչ կոմպետենտ և ապիկար իշխանությունների գործողությունների և հանցավոր անգործության հետևանքով Հայաստանը դեռևս որևէ աշխատանք չի՛ տարել, որով կամրապնդվեր ՀՀ և Արցախի Հանրապետության անվտանգային միջավայրը, կվերակառուցվեր խարխլված անվտանգային համակարգը։


Միևնույն ժամանակ, ուզում ենք նշել ՀՀ իշխանությունների հանցավոր անգործությունը անվտանգային համակարգում սեփական օրենսդրական կարգավորումները անտեսելու միջոցով երկրի զինական ներուժի մաշեցումն ու վատնումը։ Մասնավորապես․ 2020 թվականի հոկտեմբերի 28–ին ընդունվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կկատարելու մասին օրենքի նախագիծը, որի 1-ին հոդվածը մասնավորապես նշում էր. «Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է»։ Օրենքի նախագծով սահմանվում էր աշխարհազորի ձևավորման և գործունեության կարգը և պայմանները։ Սակայն անցել է կես տարուց ավել ժամանակ, և այս ուղղությամբ ո՛չ միայն աշխատանք չի տարվել, այլև խոսակցություններ են շրջանառվում ՀՀ Զինված Ուժերի կրճատման մասին։ Սա մենք դիտարկում ենք իբրև հանցավոր քայլ ՀՀ ինքնիշխանության և ազգային անվտանգության դեմ։


Սույն հայտարարությամբ ցանկանում ենք նշել այն հիմնական և կարևորագույն խնդիրները, որ պետք է լուծեր օրվա իշխանությունը անվտանգային համակարգի ամրապնդման և նոր անվտանգային միջավայրին սթափ արձագանքելու համար․


Ա․ Ապաստարանների կառուցում և կահավորում
Բ․ Մարտական ապաստարանների (բունկեր) կառուցում սահմանագծի ամբողջ երկայնքով
Գ․ Սահմանային բնագծերի կահավորում և բաժանում ըստ նպատակային կիրառման
Դ․ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն ձևավորել աշխարհազոր, կազմակերպել առնվազն եռամսյա աշխարհազորային ուսումնական վարժանքներ և մոբիլիզացիա
Ե․ Կազմակերպել ՀՀ ԶՈՒ և աշխարհազորի ներդաշնակման զորավարժություններ
Զ․ Վերանայել ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը։


Իբրև ՀՀ քաղաքացիներ, պահանջում ենք, որպեսզի ՀՀ իշխանությունները վերջապես գան ողջախոհության դաշտ և չզրկեն Հայաստանի Հանրապետությանը և ՀՀ քաղաքացիներին ինքնապաշտպանության անբեկանելի իրավունքից։


Հավատարիմ մեր պապերի պատգամներին, մենք կանգնած ենք ՀՀ ազգային շահերի պաշտպանության և Հայ ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման դիրքերում։

Հարգանքներով՝
Արմենական շարժման հիմնադիր հանձնախումբ
19.05.2021թ․